Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Արցախի վաճառքի ակունքները (հուշեր)

Արցախի վաճառքի ակունքները (հուշեր)
26.11.2023 | 10:32

1994 թ․դեկտեմբերին մի դեպք պատահեց, որն իմ կյանքում դարձավ շրջադարձային։

ՈՒշ երեկոյան միայնակ նստած էի 16-րդ թաղամասի 16 հարկանի շենքի 12-րդ հարկի մեր երկսենյականոց բնակարանում։ Բնականաբար, շենքում ոչ էլեկտրականություն կար, ոչ ջեռուցում, ոչ ջուր։ Մոմի լույսի տակ նստած, փայտի վառարանով տաքանալով, թեյ էի խմում, երբ լսվեց հեռախոսի զանգը։ Վերցրեցի լսափողը և ի՞նչ․․․Պարզվեց անծանոթ աղջիկ էր, զանգ էր տվել պատահական համարով «գժվացնելու»։ Ես էլ պարապ-սարապ նստած, մեծ ուրախությամբ տրվեցի անծանոթուհու «սադրանքներին»։ Մոտ 15 րոպե խոսում, կատակում էինք, կարծես վաղեմի ծանոթներ լինեինք։ Եվ հանկարծ, հեռախոսի գծին միախառնվեց երկու տղամարդկանց զուգահեռ խոսակցությունը։ Երկուսս էլ լռեցինք, հետևելով նրանց խոսակցությանը։ Խոսակցությունը համարյա բառացի հիշում եմ․

-Լսու՞մ ես․․․

-Հա․․․

-ՈՒրեմն նոր խորհրդակցությունը վերջացավ և որոշեցինք, թե սպանությունը ով է կատարել։ Ցուցակը բաց՝ ասեմ։ Բացի՞ր․․․

-Հա, լսում եմ․․․

-ՈՒրեմն նշի քո մոտ՝ էսինչ էնինչյանը։

Այս խոսքի ժամանակ, անծանոթուհին չդիմացավ․

-Էդ ու՞մ մասին եք խոսում։

Հնչեց պատասխանը․

-Սուս մնա, քանի քեզ էլ չեն գյուլլել։

Եվ նորից դիմեց գործընկերոջը․

-Լավ վաղը կխոսենք, բարի գիշեր։

Խոսակցության ոճից ու բովանդակությունից պարզ էր, որ ունկնդրում էինք երկու ոստիկանների կամ քննիչների խոսակցությանը։ Մտածելով, որ խոսքն ինչ-որ քրեական հանցագործության մասին է, բանի տեղ չդրեցի ու պառկեցի քնելու։

Հաջորդ առավոտյան կրպակից գնեցի թարմ թերթեր։ Քայլելով աչքի անցկացրեցի և ․․․ինչ տեսա՝ Երևանի նախկին քաղաքապետ Համբարձում Գալստյանի սպանության կասկածանքով հետախուզվում է այն նույն էսինչ էնինչյանը (ազգանունը հիշում եմ)։ Միանգամայն անկեղծ եմ ասում, ահավոր հուզված էի, այդ գիշեր աչք չփակեցի։ Ողջ գիշերը շուռումուռ գալով մտածում էի, թե ինչ կարելի է անել, որպեսզի պետական, ավելի ճիշտ՝ իշխանական կամայականություներին վերջ տրվի: Մի քանի օր շարունակ այս դեպքի մասին էի մտածում։ Վերջապես, իմ կարծիքով ձևը գտա։ Հիշեցի 1987թ․ «Մաշտոց» միավորման հիմնադրումն ու 1990 թ․ նրա հիմնական նպատակին, գոնե օրենքով հասնելը, երբ վերջին կումունիստ լուսավորության նախարար Միսաք Դավթյանը օրենք ստորագրեց, որով արգելվում էր հայ երեխաներին օտարալեզու դպրոց ընդունել։ Եվ որոշեցի, գտնել համախոհներ և հիմնադրել մի կազմակերպություն, որը կպայքարի պետության կողմից կատարվող անօրինականությունների դեմ, միամիտի պես համոզված լինելով, որ ինչպես «Մաշտոց» միավորումը, կարճ ժամանակում հաջողություններ կգրանցի։ Եղբայրս՝ Վահանն այն ժամանակ «Շրջան» թերթի խմբագիրն էր։ Իմանալով մտադրությանս մասին, նա ինձ առաջարկեց, որպես համախոհ, ծանոթացնել թերթի թղթակիցներից մեկի հետ։ Եղբորս վստահելով՝ համաձայնվեցի և մի քանի օր անց ծանոթացա Միքայել Դանիելյանի՝ Միկայի հետ։ Ծանոթությունից հետո, հաճախակի հանդիպում էինք, սուրճի սեղանի շուրջ քննարկում՝ մեր ապագա կազմակերպության կանոնադրության, գործունեության հարցերը։ Մի քանի շաբաթ անց, արդեն պատրաստ էր կանոնադրությունը, մնում էր որոշել անվանումը և համապատասխան համագումար անելով, փաստաթղթերը ներկայացնել Արդարադատության նախարարություն։ Հանուն ճշմարտության, ասեմ, որ «Հայաստանի հելսինկյան կոմիտե» անվանումը Միկայի առաջարկությունն էր, որտեղ հելսինկյան բառը, որպես համաեվրոպական ճանաչված իրավապաշտպանական անվանում էր։ Ինչևէ, որոշ ժամանակ անց, 1995 թ, կարծեմ 6 համախոհներով համագումար արեցինք և փաստաթղթերը ներկայացրեցինք Արդարադատության նախարարություն։

1996 թ․ փետրվարին Արդարադատության նախարարությունը գրանցեց «Հայաստանի հելսինկյան կոմիտե» իրավապաշտպանական հասարակական կազմակերպությունը։ Անչափ ուրախ էինք, և հանկարծ Միկան անկեղծացավ․

-Ավո ջան, չգիտեմ մարդկանց իրավունքները կպաշտպանենք, թե ոչ, բայց որ գրանտներ կստանանք ու կֆռռանք աշխարհով մեկ՝ հաստատ։

Շշմեցի ու ինձ մխիթարեցի, որ Միկան կատակում է, բայց այդ խոսքերի նստվածքը մնաց։ Կոմիտեի առաջին գործերից էր Գորվետկա թաղամասի բնակիչների իրավունքների պաշտպանությունը, որի ժամանակ ծանոթացանք փաստաբանության մեջ առաջին քայլերն անող Լուսինե Սահակյանի հետ։ Գորվետկան դարձավ Լուսինեի առաջին գործը և նա փայլեց դատարանում։ Հաջորդը, Երևանի պատմության թանգարանի լուծարման դեմ կոմիտեի պայքարն էր։ Կոմիտեի առաջին երկու գործերն էլ պսակվեցին հաջողությամբ։ Հատուկ նշեմ, որ աշխատում էինք առանց դրամաշնորհների, զուտ էնտուզիազմով։

1997 թ․ Միկան կտրականապես դեմ էր, որ կոմիտեի անդամները՝ Լուսինե Սահակյանն ու ես, դատարանում հանդես գաինք, որպես քաղբանտարկյալների հասարակական պաշտպաններ, որոնք ավելի քան մեկ տարի բանտերում էին, 1996 թ․ նախագահական ընտրություններից հետո։ Ընդունելով, որ նրանք բոլորը քաղբանտարկյալներ են, ըստ նրա , մենք պետք է բավարարվեինք միայն հայտարարություններով։ Այդ խոսակցությունից մի քանի օր անց, երկուսով հանդիպեցինք Նիդերլանդներից ժամանած ինչ-որ կազմակերպության հետ։ Զրուցում էինք Հայաստանում մարդու իրավունքների խնդիրներից, երբ հանկարծ Միկան գրպանից հանեց ինչ-որ պատճենահանված փաստաթղթեր և հանձնելով հյուրերին, ասաց․

-Ահա իմ խոստացած այն երիտասարդների անձնագրերի պատճենները, որոնք զինվորական ծառայությունն անցել են օտար պետության տարածքում՝ Ադրբեջանում։

Պարզվեց, որ Միկան հատուկ հավաքում էր այն հայ երիտասարդների փաստաթղթերը, որոնք իրենց զինվորական ծառայությունն անցկացրել էին Արցախում։

Երբ հանդիպման ավարտից հետո նրան հարցրեցի, թե ինչու այդ արեց, Միկան պատասխանեց․

-Դա մեզ համար արխիվաժնո հարց է։ Այսօր, այդ փաստաթղթերի համար ստացանք 200 դոլար։

Ասաց և 100 դոլարանոցը ժպտալով մեկնեց ինձ։ Բնականաբար ոչ միայն հրաժարվեցի, այլև վերջնագիր ներկայացրեցի նրան, որ հելսինկյանում, կամ՝ ես կամ՝ նա։ Քանի որ կոմիտեում իմ կողմնակիցները մեծամասնություն էին կազմում, Միկան հրաժարական ներկայացրեց և որոշ ժամանակ անց հիմնադրեց «Հելսինկյան ասոցացիան»։ Իհարկե, մեր հարաբերությունները դարձել էին շատ սառը, բայց մենք հաճախ էինք հանդիպում տարբեր միջազգային համաժողովներում, ինչպես նաև Երևանում, տարբեր միջազգային կառույցների հետ հանդիպումների ժամանակ։ Այժմ ներկայացնեմ այդ հանդիպումներից մի քանի դրվագներ։

2000 թվականն էր, «Մոսկովյան հելսինկյան խումբը», որը հիրավի համարվում է հելսինկյան շարժման հիմնադիրը, Մոսկվայի «Կոսմոս» հյուրանոցում կազմակերպել էր միջազգային իրավապաշտպանական համաժողով՝ նվիրված Հելսինկյան համաձայնագրերի 25 ամյակին։ Հայաստանից հրավիրված էինք ես ու Միքայել Դանիելյանը։

Համաժողովի բացումից ու ողջույնի ելույթներից հետո, աշխատանքներն անցնում էին խմբերով՝ ըստ ռեգիոնների և թեմաների։ Համաժողովի վերջին, 3-րդ օրը համաժողովի լիագումար նիստն էր, բոլոր պատվիրակների մասնակցությամբ։ Նիստը վարում էր «Մոսկովյան հելսինկյան խմբի» հիմնադիր և պատվավոր նախագահ Յուրի Օռլովը, ով երկար տարիներ աշխատել էր Երևանի ֆիզիկայի ինստիտուտում և ընտրվել ՀՀ Գիտությունների Ակադեմիայի իսկական անդամ։ Երբ Յուրի Օռլովը 1976 թ․, համախոհների հետ հիմնադրեց «Մոսկովյան հելսինկյան խումբը», նրան զրկեցին ՀՀ ԳԱ ակադեմիկոսի կոչումից։ Հետաքրքիր է, որ Անդրեյ Սախարովին, ում բնակարանից հայտարարվեց «Մոսկովյան հելսինկյան խմբի» ստեղծման մասին, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոսի կոչումից չզրկեցին։ Յուրի Օռլովի հետ փոխադարձ համակրանք և վստահություն ունեինք (https://www.aravot.am/2021/01/19/1165708/):

Եզրափակիչ նիստում Յուրի Օռլովն ամփոփեց համաժողովի աշխատանքները, որից հետո նախագահության մյուս անդամները ընթերցեցին մասնակիցների կողմից առաջարկված տարբեր բանաձևերը՝ համաժողովի քվեարկությանը դնելու և որպես համաժողովի հայտարարություններ ընդունելու համար։ Բանաձևերը վերաբերում էին, օրինակ Թուրքմենստանում, Ուզբեկստանում մարդու իրավունքների վիճակին։ Եվ հանկարծ, ընթերցվեց բանաձև, որը ներկայացվեց, որպես Հայաստանի պատվիրակության կողմից առաջարկված։ Բանաձևը համաժողովի կողմից կոչ էր ուղղված Եվրոպայի Խորհրդին, որ Հայաստանին չընդունեն ԵԽ, քանի որ Հայաստանն օկուպացրել է Ադրբեջանի 20%-ը և հայաստանցիները ծառայում են Ադրբեջանի տարածքում։ Համաժողովի բոլոր մասնակիցները տարակուսանքով աջ ու ձախ նայեցին։ Ես անհամբեր ձեռք էի բարձրացնում։ Տեսնելով պարզած ձեռքս, Յուրի Օռլովը ձեռքի շարժումով ինձ հանգստացրեց, ձայն տալով այլ մասնակիցների։ Կարծեմ երկու հոգի խոսեցին, ասելով, որ եթե Հայաստանի պատվիրակությունն առաջարկում են, ուրեմն ընդունենք։ Վերջում խոսեց Յուրի Օռլովը․

-Հայաստանը ներկայացնում են երկու պատվիրակներ, ովքեր այս հարցի վերաբերյալ տրամագծորեն հակառակ կարծիքներ ունեն։ Այս բանաձևը ես հանում եմ քվեարկությունից։

Երկրորդ դրվագը 2001 թվականին Վարշավայում էր, «Ընդդեմ ռասիզմի և այլատյացության» քաղաքացիական հասարակության համաժողովում։ Ինչպես մոսկովյան, այնպես էլ վարշավյան համաժողովում, հիմնական աշխատանքներն ընթանում էին աշխատանքային խմբերում և վերջին օրը՝ լիակատար նիստում պետք է ընդունվեին բանաձևեր։ Համաժողովում ընդունված բանաձև-հայտարարությունները պետք է ներկայացվեին նույն տարում Հարավ Աֆրիկյան հանրապետության Քեյփթաուն քաղաքում ՄԱԿ-ի կողմից անցկացվելիք նույնանուն համաժողովին։ Լիագումար նիստը վարում էր ճանաչված իրավապաշտպան, «Վարշավյան հելսինկյան ֆոնդի» նախագահ Մարեկ Նովիցկին։

Եվ նորից, ինչպես Մոսկվայում՝ տհաճ անակնկալ։ Ադրբեջանի պատվիրակները Միքայել Դանիելյանի հետ համատեղ, համաժողովի քվեարկությանն էին ներկայացրել «Խոջալուի ցեղասպանությունը» դատապարտող բանաձև-հայտարարության նախագիծ։ Ինչպես Մոսկվայում, ես սկսեցի անհանգիստ շարժումներ անել՝ անվերջ ձեռքս բարձր ճոճելով։ Եվ ինչպես Յուրի Օռլովն, այնպես էլ Մարեկ Նովիցկին ձեռքի շարժումով ինձ հանգստացնում էր։ Ահա այդ բանաձևի մասին Մարեկ Նովիցկու խոսքը․

-Սումգայիթի ու Բաքվի ցեղասպանությունների մասին տեղյակ եմ, իսկ այս մասին ո՞վ գիտի։

Սրանով հարցը փակվեց։

Եվ վերջապես երրորդ դրվագի մասին։

2004 թվականն էր, Երևան էր ժամանել Եվրոպայի Խորհրդի( ԵԽ) նախարարների կոմիտեի մոնիտորինգային «Ագոյի խումբը»։ «Երևան» հյուրանոցում «Ագոյի խմբի» հանդիպում էր Հայաստանի քաղհասարակության հետ։ Զրուցեցինք Հայաստանի ԵԽ-ի առջև ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքից։ Խոսք վերցրեց Միքայել Դանիելյանն ու ասաց․

-Հայաստանի քաղաքացիներն անօրինական զինվորական ծառայություն են անցնում այլ պետության տարածքում։

«Ագոյի խմբի» անդամներից մեկը հարցրեց․

-Ի՞նչ նկատի ունեք։

-Նկատի ունեմ Լեռնային Ղարաբաղը։

-Բայց չէ՞ որ Ղարաբաղի անվտանգությունն ապահովում է Հայաստանը։

-Ախ, դուք էլ եք այդպես մտածում։ Ես այստեղ անելիք չունեմ,-ասաց Միկան ու ցուցադրական հեռացավ։

Այժմ, այս բոլոր պատմությունները ներկայացնելու գլխավոր շարժառիթի մասին։

2001թվականին էր, «Հայկական Ժամանակ» թերթի խմբագրությունում ինչ-որ հավաք-քննարկում էր։ Ներկաների թվում էր կիսահարբած Միքայել Դանիելյանը։ Միմյանց բարևեցինք և նա ժպտալով ասաց․ «Ինձ ասել են, որ ամեն հարցում օգնեմ Նիկոլին։ Էնպես որ, իմ հիմնական համախոհը, ում հետ սերտորեն համագործակցում եմ Նիկոլն է։ Բոլոր հարցերում մենք նույն կերպ ենք մտածում և ես ամեն ինչում նրան օգնելու եմ»։

Այսպիսով, տարիներ շարունակ բազմաթիվ գործիչներ, ինչպիսիք եղել են Միքայել Դանիելյանը, Գեորգի Վանյանը, Արտակ Կիրակոսյանը, Ստեփան Գրիգորյանը և բազմաթիվ այլ անձինք, հանուն փողի, գործել են ընդդեմ Արցախի և Հայաստանի։Դրանք բոլորն, այս կամ այն չափով աջակցեցին ամեն ինչին ընդունակ, ամեն գնով իշխանության հասնելու պատրաստ, նախկին միջակ լրագրողին, պատերազմ հրահրելու, հազարավոր զոհեր տալու, Արցախը վաճառելու գործում։

Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2886

Մեկնաբանություններ